ՃԳՆԱԺԱՄ
Համաշխարհային տնտեսական ճգնաժամի հաղթահարման համապատկերում երկրների կառավարությունները մեծ տեղ են հատկացնում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին՝ որպես նոր լուծումների և տնտեսության հիմնական շարժիչներից մեկին:
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի գործադիր տնօրեն Բագրատ Ենգիբարյանը երեկ «Տնտեսական լրագրողներ» ակումբում ընդգծեց, որ ճգնաժամը չի շրջանցել Հայաստանի ՏՏ ոլորտը, սակայն ՀՀ կառավարությունը փորձում է օգնել ոլորտի ընկերություններին, և դա հիմնականում արտահայտվում է նոր շուկաների և պատվիրատուների որոնման գործին աջակցություն ցուցաբերելով: Ըստ նրա, ճգնաժամի պայմաններում ՏՏ ոլորտի ընկերությունների մի մասը կարող է կորցնել իր պատվիրատուներին (հատկապես բանկային և սպասարկման ճյուղերում): Գումարներ խնայելու համար ՏՏ ոլորտի ձեռնարկությունների բաժնետերերը կարող են կրճատումներ իրականացնել, սակայն կգտնվեն նաև այնպիսիք, որոնք ի հաշիվ փակվող ընկերությունների և շուկայի մասնակիցներին տեխնիկական նոր լուծումներ առաջարկելով՝ կշարունակեն իրենց հաջող գործունեությունը: «Սինոփսիս-Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանն էլ հավելեց, որ այս համընդհանուր ճգնաժամը ֆինանսական է, և ՏՏ ոլորտն այս անգամ չի խուսափի դրանից: Սակայն քանի որ ՏՏ ոլորտը պարզապես ոլորտ չէ, այլ համակարգ, որն ապահովում է տնտեսական առաջընթաց, ճգնաժամային պայմաններում ոլորտի ընկերությունները կարող են զարգացում ունենալ միայն այն պարագայում, եթե չդադարեցնեն նորագույն տեխնոլոգիաների ստեղծման ու կիրառման համար կատարվող ներդրումները: Սակայն այս գործընթացները միայն ՏՏ ոլորտին չպետք է վերաբերեն, այլև տնտեսության մյուս ճյուղերին: Բայց դա ընդհանրապես հատուկ է զարգացած երկրներին, և Հայաստանում դրան երկրորդական տեղ են հատկացնում, քանի որ նոր տեխնոլոգիաների և սարքավորումների վրա ծախսվող գումարները չնչին են: Եվ այս տեսանկյունից ընկերությունների ղեկավարները պետք է մտածեն նոր համակարգերի ներդրման մասին, հակառակ պարագայում ճգնաժամի բացասական ներգործությունն ավելի մեծ կլինի:
Ներկայացնելով ՏՏ ոլորտում վերջին տարիների զարգացման դինամիկան` Բ. Ենգիբարյանը նշեց, որ ոլորտը տարեկան աճել է 25 տոկոսով և ներկայումս ունի 5000 աշխատող: 2008 թ. ՏՏ ոլորտի տարեկան շրջանառությունը հասել է 110 մլն դոլարի:
«Սինոփսիս-Արմենիա»-ի գործադիր տնօրեն Հ. Մուսայելյանն էլ նշեց, որ այս պահին ընկերությունում պատվերների պակաս չկա, աշխատողների թվաքանակի կրճատում նախատեսված չէ, և ամենակարևորն այն է, որ ի տարբերություն հնդկական և չինական ՏՏ ոլորտի, որտեղ պարզ ծրագրավորման հիման վրա էր տեղի ունենում ոլորտի զարգացումը, հայկական ՏՏ ոլորտը կառուցված է հիմնականում գիտատար հետազոտական մտքի վրա, և այդ առումով իրենք որոշակի շահեկան իրավիճակում են գտնվում: Եվ քանի որ օտարերկրյա ներդրողներին ճգնաժամային պայմաններում առաջին հերթին հետաքրքրում է երկու գործոն` արտադրանքի ցածր ինքնարժեքը և որակը, ապա այս պարագայում հայկական ինտելեկտուալ արտադրանքը կարող է մրցունակ լինել, չնայած պետական աջակցությունը պարտադիր է, քանի որ ՏՏ համաշխարհային ոլորտում մրցակցությունը գնալով սրվելու է:
Անդրադառնալով վերջերս կառավարության ընդունած այն որոշմանը, երբ 1 մլն դոլարի սարքավորում ներկրելու դեպքում ԱԱՀ-ի գանձումը հետաձգվելու է 3 տարով, Մուսայելյանը կարծիք հայտնեց, որ դա որոշակի իմաստով առաջընթաց է, քանի որ այս պարագայում գործարարները լուրջ միջոցներ կխնայեն և դրանք այլ ոլորտներում կօգտագործեն: Սակայն, ըստ նրա, այս օրենքը դեռ շտկումների տեղ ունի: Եվ ճիշտ կլինի, որ օրենքը հետագայում ձևափոխվի այնպես, որ եթե ընկերությունը 1 մլն դոլար գումարի սահմաններում արտադրական հոսքային գիծ է բերում կամ նոր տեխնոլոգիաներ և դրանք 3 տարվա ընթացքում կիրառում է, ընդհանրապես ազատվի ԱԱՀ վճարելուց:
Բանախոսներն անդրադարձան ՏՏ, ինչպես նաև տեխնոլոգիական այլ ոլորտներում կիրառվող հարկային օրենսդրությանը և նշեցին, որ այն դեռևս բարվոք վիճակում չէ, և պետք չէ արտոնյալ պայմաններ ստեղծել այս կամ այն ոլորտի համար, այլ պարզապես մրցակցության բարձրացման մեխանիզմներ պետք է որոնել: Իսկ Հ. Մուսայելյանն էլ մասնավորապես նշեց, որ ներկայումս Հայաստանում անհասկանալի հարկային վարչարարություն է իրականացվում, և դժվար է օտարերկրյա ներդրողին բացատրել, թե ինչու է օրենքի այս կամ այն դրույթը երբեմն կիրառվում, երբեմն` ոչ:
Չնայած ՏՏ ոլորտի որոշակի առաջընթացին, դեռևս խնդրահարույց է ինտերնետ կապից ինչպես հասարակության, այնպես էլ ընկերությունների դժգոհությունը: Բագրատ Ենգիբարյանը նշեց, որ թեև ինտերնետի գինը նվազել է, սակայն դեռ բավականին զիջում ենք միջազգային չափանիշներին: Կառավարումն է վատ իրականացվում, և երկիր մուտք գործող մալուխային ուղիների հարցը դեռևս իր լուծումը չի ստացել: Նույն կարծիքը հայտնեց նաև Հովիկ Մուսայելյանը։ Նա ասաց, որ հայաստանյան ինտերնետի որակից շատ դժգոհ են, և սա ՏՏ համաշխարհային ոլորտում մրցակցության առումով շատ լուրջ խոչընդոտ կարող է լինել: Այս փաստը բացասական ներգործություն է ունենում նաև այն առումով, որ Հայաստանի ՏՏ ոլորտում ներդրումներ կատարող օտարերկրյա ընկերությունները հաշվի են առնում մեր ինտերնետի անորակությունն ու թանկությունը:
Խոսելով դրամի հնարավոր արժեզրկման մասին՝ Հովիկ Մուսայելյանը նշեց, որ ՏՏ ոլորտի գործատուների համար դա լավ է, որովհետև ապրանքը վաճառվում է դոլարով, իսկ ծախսերը դրամով են կատարվում, սակայն աշխատակիցների համար բացասական է, որովհետև ընկնում է դրամի գնողունակությունը, չնայած դրամի արժևորման պարագայում էլ ՏՏ ոլորտի գործատուները վերջին տարիներին միլիոնավոր դոլարներ են կորցրել:
Արտակ ՄԱՐԿՈՍՅԱՆ